AM
7 Մարտ 2022 - 15:04 AMT

ԱԱԾ-ն բացահայտել և չեզոքացրել է հերթական գործակալական ցանցը

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել ԶՈւ տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և ԱՀ պետական մարմինների որոշ աշխատակիցներ։

Պարզվել է, որ վերոհիշյալ անձանց հավաքագրելու նպատակով օտարերկրյա հատուկ ծառայություն իրականացնող անձինք սոցիալական կայքերում տեղադրել են օտարերկրյա պետություններում բարձր վարձատրությամբ աշխատանքի ընդունելու վերաբերյալ գովազդային կեղծ հայտարարություններ՝ որպես պայման առաջարկելով համապատասխան հավելվածը բացելու միջոցով լրացնել աշխատանք փնտրող անձի անհատական և կենսագրական տվյալները:

Հետագայում՝ գումարի դիմաց առաջարկել են համագործակցել իրենց հետ և տեղեկություններ տրամադրել Արցախում և Հայաստանում տեղակայված ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների, ռազմական տեխնիկայի, զորամասերի, սպառազինության, ռազմամթերքի, զինվորականների, նրանց թվի և տեղակայման վայրերի, մարտական դիրքերի, պետական և ծառայողական գաղտնիք կազմող փաստաթղթերի և այլնի վերաբերյալ։

Առանձին դեպքերում հավաքագրված անձինք օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջարկով վերջինների հետ հանդիպել են երրորդ երկրներում, ստացել ծածկանուններ, համագործակցության հանգամանքը հավաստող փաստաթղթեր, դարձել հաստիքային գործակալներ։

Հավաքագրված անձանց հատկացվել են անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ, այդ թվում՝ հատուկ ծրագրային ապահովմամբ և տեխնիկական միջոցներով հագեցված համակարգիչներ:

Նշվում է, որ քրգործով նաև ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ գործակալական ցանցում ընդգրկված որոշ անձինք նախապես տեղեկացված են եղել նաև Արցախի դեմ սպասվող պատերազմի և դրա հստակ օրվա մասին, որով պայմանավորված օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջադրանքով, մինչև պատերազմի սկսվելը, ակտիվորեն տեղեկատվություն են հավաքել և բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել նաև ԱՀ ժամանած և հյուրանոցներում տեղավորված անձանց, ԱՀ տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների տեսակների, քանակի, գտնվելու վայրերի, բարձրագույն հրամանատարական կազմի կենսորոշիչ տվյալների մասին, որով հակառակորդին պատերազմն սկսելուց առաջ ընձեռել են իրական հնարավորություն կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, իրականացնել թիրախավորված հարվածներ, շարքից հանել հակաօդային պաշտպանության միջոցները, ոչնչացնել ռազմավարական նշանակություն ունեցող պահեստները:

Նախաքննության ընթացքում ձերբակալվել է ընդհանուր թվով 16 անձ, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ: Նրանցից 10-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

Նշվում է նաև, որ ետական դավաճանություն կատարած անձանց մի մասը բռնվել է հերթական անգամ առաջադրանք կատարելու պահին, և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կանխվել է տեղեկատվության հետագա փոխանցումը: