ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ։
«Մեծ ցավ ապրեցի՝ լսելով Ալվարդ Պետրոսյանի մահվան գույժը: Մեզնից հեռացավ ժամանակակից հայ արձակի ինքնատիպ դեմքերից մեկը, ով իր ողջ կյանքի ընթացքում երբեք չդավաճանեց ազնիվ ու ճշմարիտ մտավորականի տեսակին, մինչև վերջին պահը ապրեց հարազատ ժողովրդի և պետության հանդեպ անսահման սիրով ու հավատով՝ ցավը սրտում հետևելով իր պաշտելի Հայաստանի ու Արցախի շուրջ վերջին տարիներին տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին:
Ալվարդը իր հետ տարավ մեր ժողովրդի պայքարի, փառապանծ հաղթանակների ու դառը պարտությունների մի ողջ ժամանակաշրջանի անգնահատելի հիշողություններ, որոնք հաճախ դարձել են նրա հրապարակախոսական հոդվածների ու հարցազրույցների թեման:
Ալվարդ Պետրոսյանի հասարակական-քաղաքական գործունեությունը ևս անվերջ պայքար էր հանուն ճշմարտության, գեղեցիկի ու ազնիվի և ընդդեմ արգահատելի, գռեհիկ երևույթների ու դրանց կրողների: Ժամանակակիցների հիշողության մեջ Ալվարդ Պետրոսյանը կմնա մարդկային բարձր որակներով և առաքինի կեցվածքով արդարամիտ ու շիտակ մտավորական, իսկ ապագա սերունդները նրան կճանաչեն որպես հրաշալի գրող, հայրենիքի հոգսերով մշտապես ապրող հասարակական-քաղաքական գործիչ, իր ժամանակաշրջանի անխոնջ ու անաչառ տարեգիր:
Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի հարազատներին, մերձավորներին, գրչակիցներին և ընթերցողներին: Հանգչիր խաղաղությամբ, իմ լավ բարեկամ: Թող այսուհետ լույսերի մեջ ապրի քո ազնիվ հոգին»,- ասվում է ցավակցական ուղերձում:
Գրող, արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅ Դաշնակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը 1982-1990թթ. եղել է «Սովետական գրականություն» (այնուհետեւ՝ «Նորք») գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, 1990-1994թթ.՝ «Առագաստ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր,1994-1998թթ.՝ ՀՕՄ Հայաստանի շրջանային վարչության ատենապետ, 1998-ից՝ ՀՕՄ կենտրոնական վարչության անդամ:
1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության անդամ: 2003-2007թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր։






