ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և Երևան ժամանած է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Անդրադարձ է եղել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ սադրանքներ և ճնշումներ գործադրելու՝ ադրբեջանական կողմի փորձերին, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին:
Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն գործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ապահովմանը վերաբերող հարցեր:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին Հայաստանում է: Twitter-ի իր միկրոբլոգում նա նշել է, որ «միջազգային իրավիճակն ավելի է լարվել»։
«Կրկին Երևան եմ վերադարձել՝ երկօրյա հանդիպումների համար։ Քանի որ միջազգային իրավիճակն ավելի է լարվել, Եվրամիությունն առավել քան երբևէ հավատարիմ է խաղաղ և բարգավաճող Հարավային Կովկասի գաղափարին», – ասվում է գրառման մեջ։






