ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Բաքվի հետ բանակցությունների համար ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին դիմելու ԱԳՆ նախաձեռնությանը, նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, առանց Արցախի հարցի, երկկողմ՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում ոչ մի մանդատ չունեն։
Նա նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, թե «Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը»։
«Տվյալ հաղորդագրությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, այդ թվում՝ հայ ժողովրդից թաքուն պահվող ադրբեջանական առաջարկությունների իրական բովանդակության հետ կապված։
Հարցերի մյուս խումբը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատին։ Տվյալ մանդատը թողարկվել է 1995 թվականի մարտի 23-ին Վիեննայում ԵԱՀԿ հունգարական նախագահության ընթացքում։
15 կետից բաղկացած այս մանդատը չի ենթադրում հայ-ադրբեջանական խաղաղության վերացական համաձայնագրի նախապատրաստում։
Այն ծայրից ծայր շաղկապված Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հետ։
Կարճ ասած, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առանց Արցախի հարցի, երկկողմ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ ոչ մի կապ չունեն։
Հիմա իմ հարցերը․
1. Եթե Նիկոլը դիմել է ՄԽ համանախագահներին, որտե՞ղ է այստեղ Արցախի հարցը։ Կա՞ նման հարց Հայաստանի դիվանագիտական օրակարգում, թե՞ չէ։
2. Եթե կա, կարգավորման ի՞նչ սկզբունքների հիման վրա (Ադրբեջանի փաթեթում բնականաբար չկա ինքնորոշման իրավունքը)։
3. Եթե չկա, ապա ի՞նչ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր առանց Արցախի»,-ասվում է գրառման մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ առարկայական, ինտենսիվ բանակցությունների, եթե Հայաստանն ընդունի Ադրբեջանի 5 կետից բաղկացած առաջարկները։ Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտել է դրանց բովանդակությունը»






