Ոստիկանությանը լրացուցիչ 2 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 2022-ի բյուջեից պարեկային ծառայության ընդլայնման նպատակով՝ մասնավորպես Լոռու և Շիրակի մարզերում։ Այդպիսի որոշում է կայացվել գործադիրի նիստում։
Ոստիկանապետ Վահե Ղազարյանը հայտնել է, որ նոր միջոցներն օգտագործվելու են Լոռու և Շիրակի մարզերում նոր պարեկային ծառայության համար ավտոմեքենաներ, կապի միջոցներ ու տեխնիկական այլ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դրական գնահատելով պարեկային ծառայության աշխատանքը, նշել է, որ մեծ մրցակցություն կա համակարգում ընդգրկվելու համար։
Նա նշել է, որ պարեկային ոստիկանությունում աշխատավարձը բավականին ծանրակշիռ է, սկսվում է 350,000-ից, բարձրագույն կրթություն ունենալ պարտադիր չէ։ Նա նաև կոչ է արել կանանց ավելի ակտիվորեն մասնակցել պարեկային ծառայությունում ընդգրկվելու գործընթացին։
Փաշինյանը հիշեցրել է, որ այս պահին ընդունելություն է հայտարարվել Տավուշի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում ստեղծվող պարեկային նոր ծառայություններում։
Պարեկային ծառայությունը սկսել է գործել ՀՀ-ում 2021-ի հուլիսից, Երևանում։






