AM
17 March 2022 - 10:48 AMT

ՄԻՊ․ Խաղաղությունից խոսելու համար դեռ միջավայր չկա, ադրբեջանական կողմն անկեղծ չէ

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախ կատարած այցին, նշել է, որ ադրբեջանական կողմից ճնշման, ահաբեկման, հայաթափման նպատակ հետապնդող քաղաքականությունը շարունակական է։ Գրիգորյանն արձանագրել է, որ խաղաղության խոսակցությունների համար այս պահին միջավայր չկա, ադրբեջանական կողմն անկեղծ չէ, գրում է «Փաստինֆոն»։

Գրիգորյանը նշել է, որ արցախյան հանդիպումներում շատ կարևոր ուղերձներ են եղել իր համար, տեղում խնդիրներին ծանոթանալու համար։ Նա հայտնել է, որ առիթ է ունեցել նաև այցելելու Խրամորթ, շփվելու բնակիչների հետ։

«Իմ այցի ժամանակ դեռևս արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ ադրբեջանական ԶՈւ-երի կողմից հոգեբանական ճնշում սկսելու գործընթացն արդեն սկսկվել էր կիրառվել։ Պետք է ասեմ, որ խիստ մտահոգիչ էր բնակչության հոգեբանական վիճակը»,- նշել է Գրիգորյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ ՄՒՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ներքին Հանդ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Հիմնականում խնդիր է դրված՝ տեղում հասկանալու համայքնի բնակիչների կյանքի պայմանների, անվտանգության հետ կապված ինչ խնդիրներ են։

Գրիգորյանը հավելել է նաև որ ապրիլի սկզբին պլանավորում է այց Սյունիք, այս ընթացքում ուսումնասիրություններ են կատարվում։

Վերջին օրերին սրվել է իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում, հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչ օրս դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը և գազամատակարարումը շուտով կվերականգնվի։

Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։