Մարտի 19-ին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնվել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը մարտի 18-ին Շուշիում կազմակերպված միջոցառմանը, և այդ կապակցությամբ ներկայացվել է արտաքին գործերի նախարարության բողոքի հայտագիրը։
Արտաքին գործերի նախարարությունը պահանջել է Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։
Ավելի վաղ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում կազմակերպելու կապակցությամբ՝ նշելով, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը հարված է կազմակերպության հեղինակությանը և խստիվ դատապարտել նման միջոցառման անցկացումն օկուպացված Շուշիում։
ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում մեկնարկել է մարտի 18-ին։ Մասնակցում են Ադրբեջանի պաշտոնատար անձինք, ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգողը և Ադրբեջանում այդ երկրի կառույցների ղեկավարները։






