AM
21 Մարտ 2022 - 10:02 AMT

Քաղաքապետ. Երևանում որևէ ինքնակամ կառույց այսուհետ չի օրինականացվի

Երևանում որևէ ինքնակամ կառույց այսուհետ չի օրինականացվելու: Այդ մասին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Անդրադառնալով արձանագրվող դեպքերին ու թեժ գծով ստացվող ահազանգերին, նա բնակիչներին մեկ անգամ ևս հորդորել է զերծ մնալ ապօրինի գործողություններից:

Խորհրդակցության ժամանակ նշվել է, որ ավարտական ակտերի և շինթույլտվությունների տրամադրման հետ կապված ուշացումները հաճախ կապում են քաղաքապետի զբաղվածության և դրանք չստորագրելու հետ: Անդրադառնալով երևույթին՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Միաժամանակ նշվել է, որ ծանրաբեռնվածության առումով խնդիրներ կան շինթույլտվությունների տրամադրման հետ կապված, և քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով քաղաքապետարանն այսօր կառուցվածքային փոփոխություններ է նախաձեռնել ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում: