«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասել է, որ Հայաստանն ու Արցախը կանգնած են անվտանգային լրջագույն խնդիրների առաջ՝ նշելով, որ Ադրբեջանի ներկայացրած հինգ կետն Արցախից հրաժարվելու մասին է։
Նրա խոսքով, 2020-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո այդ երկիրը նոր պահանջներ է առաջ քաշում խաղաղության համար, այսպես կոչված 5 սկզբունք ներկայացնում, գրում է Panorama.am-ը։
«Թե ինչի մասին են այդ սկզբունքները, վստահ եմ, բոլորդ ծանոթ եք։ Իմ համոզմամբ, դրանք Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին են։ Միաժամանակ չենք կարող ուշադրություն չդարձնել այն միջավայրին, որի ներքո Ադրբեջանի կողմից ձևակերպվում են այս պահանջները՝ հոգեբանական ահաբեկում սահմանամերձ գյուղերի բնակիչների նկատմամբ, հումանիտար աղետ Արցախում, սահմանային լարվածության աճ, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներ, տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառում հայկական բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ։ Սա դասական իմաստով հարկադրանքի քաղաքականություն է»,-ասել է Արթուր Վանեցյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվող խորհրդարանական լսումները «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ են։
Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին: 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը։ Մարտի 18-ին հայտարարվեց, որ նորոգման աշխատանքներն ավարտվել եսն, սակայն, գազը բաժանորդներին կմատակարարվի մարտի 19-ից։
Ավելի վաղ իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում սրվել էր։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։ Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները պարբերաբար բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։






