AM
21 March 2022 - 13:20 AMT

Միրզոյանը՝ Անթալիայի մասին. Պատրաստակամ ենք գործընթացն ավարտել սահմանների բացմամբ և հարաբերությունների հաստատմամբ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը երկուստեք կարևորվել է հարաբերությունների կարգավորման գործընթացի հետագա ընթացքը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ վերահաստատել են, որ պատրաստակամություն ունեն այս գործընթացն առանց նախապայմանների տանել առաջ և, ի վերջո, պսակել այն հարաբերությունների հաստատմամբ և երկրների միջև սահմանների բացմամբ», – ասել է Միրզոյանը՝ անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումին իր և Չավուշօղլուի հանդիպմանը։

Մարտի 12-ին թուրքական Անթալիայում տեղի է ունեցել ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը՝ բանակցելու համար երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում։ Չավուշօղլուն «շատ կառուցողական և արդյունավետ» է անվանել Միրզոյանի հետ հանդիպումը։

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 14-ին։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական էին անվանել։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում էր հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։Նրանց 2-րդ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Վիեննայում։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների: