«Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում՝ պարտավորեցնելով ԱԳ նախարարին և վարչապետին պաբերաբար զեկույցներ ներկայացնել ՀՀ անվտանգության և արտաքին քաղաքականության համար կարևոր հարցերում առկա գործընթացների, վարվող բանակցությունների, ինյչպես նաև հնարավոր պայմանավորվածությունների մասին։ Նախագիծը հեղինակել է խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
Նա ասել է, որ այս օրենսդրական նախաձեռնության նպատակն է, որ «այլևս ոչ ոք չասի, թե «ինչ պետք է, դա էլ բանակցում են»։
Ըստ նախագծի, ԱԳ նախարարը տարեկան 4 անգամ պետք է զեկույց ներկայացնի, իսկ վարչապետը 2 անգամ։ Նախատեսվում է, որ զեկույցները ստանալուց հետո ԱԺ պատգամավորների 25%-ի ստորագրությամբ ԱԳ նախարարը և վարչապետը հրավիրվելու են ԱԺ փակ նիստում զեկուցելու և հարցերին պատասխանելու համար, որը կարող է լինել մասնագիտական հանձնաժողովում կամ ԱԺ լիագումար նիստում:
Նախագծի հիմնավորման մեջ վկայակոչվում է արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված վիճակը, ինչպես նաև 2015-ի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման ձևին անցնելու պատճառով Ազգային ժողովի աճած դերը։
Ակնկալվում է, որ նախագծի ընդունման պարագայում ԱԺ պատգամավորներն իրազեկված կլինեն ՀՀ շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի ու դրանից բխող խնդիրների հայամետ հանգուցալուծմանն ուղղված քայլերի մասին։






