Պորտուգալիան Հայաստանին Covid-19 դեմ 400,140 դեղաչափ BioNTech-Pfizer-ի արտադրության պատվաստանյութ է նվիրել։
Մարտի 21-ին Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման կենտրոնի «Ռեֆերենս» լաբորատորիայում պատվաստանյութի խմբաքանակը առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին են հանձնել Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, Լեհաստանի դեսպանի առաջին խորհրդական Կրիժշտոֆ Բարչակը:
Մատակարարումն իրականացվել է Արևելյան գործընկերության երկրներին պատվաստանյութերով ապահովելու «Եվրոպայի Թիմ»-ի նախաձեռնության շրջանակներում` Եվրամիության, Լեհաստանի և Պորտուգալիայի համատեղ աշխատանքի շնորհիվ, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մյուս մասնաբաժնի առաքումը Հայաստան նախատեսվում է ապրիլին:
«Շնորհակալություն մեր գործընկերներին այս ընթացքում ցուցաբերած սոլիդար վերաբերմունքի համար` ուղղված համավարակի զսպմանը: Հայաստանում արդեն 2 միլիոնից ավելի դեղաչափ պատվաստում է իրականացվել, 95 հազարից ավելի մարդ ամբողջապես պատվաստվել է: Մեր երկիրն անում է ամեն բան պատվաստանյութերի բազմազանությունն ապահովելու համար, և այս նվիրատվությունը ևս մեկ քայլ է պատվաստանյութերի հասանելիությունն ապահովելու հարցում»,- նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
«Ուրախությամբ հայտնում ենք, որ պատվաստանյութերը ժամանել են Հայաստան։ Երախտապարտ ենք Պորտուգալիայի առատաձեռն հանձնառությանը և Լեհաստանի՝ այս ամենը կյանքի կոչելու համար ներդրված ջանքերին։ Մենք շարունակում ենք միասին պայքարել Covid-19-ի դեմ», – նշել է ԵՄ դեսպանը ՀՀ Առողջապահության նախարարության հետ նվիրատվության փոխանցման ընթացքում։
Մարտի 20-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 2,096,312 պատվաստում։Առաջին դեղաչափով կատարվել է 1,105,361 պատվաստում, երկրորդով` 957,017։ Երրորդ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստվել է 31,434 մարդ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։






