Տուբերկուլոզով հիվանդացությունը Հայաստանում վերջին 10 տարում նվազել է 4.4 անգամ՝ 2011 թվականին հիվանդացության ցուցանիշը 56.2 էր 100,000 բնակչի հաշվարկով, իսկ 2021-ին՝ արդեն 13.4, ինչը մեծ ձեռքբերում է համարվում։ Այդ մասին հայտնել է առողջապահության նախարարության Թոքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը։
Նա նշել է, որ Հիմնական ցուցանիշը որով գնահատվում է տուբերկուլոզի իրավիճակը, համաճարակաբանությունը՝ հիվանդացությունն է։ Նրա խոսքով՝ 2021-ին Հայաստանում հայտնաբերվել է ակտիվ տուբերկուլոզի 426 դեպք, որից 369-ը նոր դեպքեր էին, իսկ 57-ը՝ կրկնավարակներ, գրում է Panorama.am-ը։
Փորձագետը հավելել է, որ 2020-ին Հայաստանում ակտիվ տուբերկուլոզի դեպքերը 444 են եղել:
Ըստ Խաչատրյանի՝ կրկին վարակվածները նախկինում արդեն հիվանդացել էին տուբերկուլոզով և բուժվել, սակայն, որոշ ժամանակ անց հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացրել, կամ էլ նրանք նորից էին վարակվել:
Նա նշել է նաև, որ Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա՝ մարտի 24-ին նվիրված միջոցառումները սկսվելու են մարզերում սքրինինգային հետազոտություններով, որոնք ուղղված են այդ հիվանդության ակտիվ և վաղ ձևերի հայտնաբերմանը։ Նա պարզաբանել է, որ այցելելու են Սյունիքի մարզ, մասնավորապես՝ Գորիսի ՔԿՀ:
Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրը նշվում է արդեն 100 տարի և կապված է Ռոբերտ Կոխի կողմից տուբերկուլոզային ցուպիկի հայտնաբերման հետ:






