AM
24 Մարտ 2022 - 09:51 AMT

Վարչապետ․ Պաշտպանելու ենք ԼՂ հայության իրավունքները՝ չարհամարհելով մյուսներինը, ինչպես նշել է Սերժ Սարգսյանը՝ «մենք ֆաշիստ չենք»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, խոսելով Ադրբեջանի 5 կետից բաղկացած առաջարկներիի մասին, ասել է, որ ՀՀ-ն մարտի 14-ին գրավոր արձագանքել է և դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին՝ խնդրելով աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններ կազմակերպելու հարցում:

Նշելով, որ ԼՂ հիմնախնդիրը չի եղել տարածքի խնդիր ու հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է՝ Փաշինյանն ասել է․ «Մենք հետևողական պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները՝ չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները, որովհետև, ինչպես իրավացիորեն նշել է Սերժ Սարգսյանը՝ «մենք ֆաշիստ չենք»:

Վարչապետը նշել է, որ մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարարը բարձրաձայնել է Հայաստանի ընդհանրական գնահատականը Ադրբեջանի առաջարկների վերաբերյալ:

«Այդ գնահատականը հետևյալն է՝ Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փոխանցված մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը և այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին», – ասել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ Ադրբեջանի քաղաքականությունը խաղաղության օրակարգից շեղելն է:

Նշելով, որ արմատական ընդդիմությունը քննադատում է իշխանություններին տարածքային ամբողջականության սկզբունքը որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք ընդունել է համար, Փաշինյանը դա տարօրինակ է համարել՝ հիշեցնելով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների խոսքերը։

«1999-ի նոյեմբերի 19-ի ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովից Երևան վերադարձած ու տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանող Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ քվեարկած Ռոբերտ Քոչարյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է. «Եթե մենք ընդհանուր խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա մենք չպետք է ասենք, որ դրա դեմ ենք: Մենք էլ տարածք ունենք ու մենք ևս համարում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունքը հարգելու համար»:

Հետո Սերժ Սարգսյանը նույնպես երկար տարիներ բանակցել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին, որպես կարգավորման հիմնարար սկզբունք ընդունելով այդ թվում տարածքային ամբողջականության սկզբունքը, այնպես որ՝ այստեղ որևէ շահարկում տեղին չէ: Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի եղել տարածքի խնդիր ու հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է ու մենք հետևողական պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները՝ չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները, որովհետև, ինչպես իրավացիորեն նշել է Սերժ Սարգսյանը՝ «մենք ֆաշիստ չենք»», – ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը։