ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկած տասնօրյա աշխատաժողովի շրջանակում Գյումրիում տեղի է ունեցել Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի քաղաքաշինական միջավայրի ինքնության պահպանման խնդիրների վերաբերյալ հանդիպում-քննարկումը:
Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ ներգրավված իտալացի փորձագետները հանդիպման ընթացքում ներկայացրել են արգելոց-թանգարանի գոտևորման աշխատանքների շրջանակում մշակվող մեթոդաբանության մանրամասները:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը տեղեկացրել է, որ Միլանի պոլիտեխնիկական համալսարանից ներգրավված փորձագետները մշակելու են պատմական քաղաքաշինական միջավայրի վերաարժևորման, վերաօգտագործման մեթոդաբանություն, որը Կումայրի արգելոցի տարածքում կիրառվելուց հետո կարող է հիմք դառնալ պատմամշակութային կարևորություն ունեցող այլ բնակավայրերում օգտագործելու համար։ Հետազոտական աշխատանքի արդյունքը կկիրառվի նաև ներկայում իրականացվող Գյումրի քաղաքի նոր հատակագծի մշակման աշխատանքներում:
Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի ստեղծման ակունքներում կանգնած վաստակաշատ ճարտարապետ Սաշուր Քալաշյանն անդրադարձել է արգելոց-թանգարանի խնդիրներին ու դրանց պատճառներին: Իսկ իտալացի փորձագետ Մարիա Քրիստինա Ջամբրունոն նկատել է, որ միջազգային փորձը Գյումրիում տեղայնացնելիս պետք է հաշվի առնել քաղաքի ճարտարապետական ուրույն ոճը: Այդ ուղղությամբ փորձագետների խումբն ամիսներ անց մշակելու է ուղեցույց:
Ծրագրի տնտեսական և մշակութային բաղադրիչների մասին իրենց դիտարկումները ներկայացրել են նաև ՀՀ էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների ներկայացուցիչները:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ինչպես նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները Գյումրիում դաշտային աշխատանքներ են կատարելու՝ իտալացի փորձագետների մշակած հարցաշարի հիման վրա հավաքագրելով պատմամշակութային արգելոց-թանգարանի պատմական միջավայրի վերաբերյալ մանրամասն տվյալներ: