AM
24 Մարտ 2022 - 12:43 AMT

Մայր Աթոռ. Եկեղեցին չի ընդունում Քրիստոսի արձանի տեղադրումը

Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի ունենալով, որ այն հարիր չէ Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Այդ մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողովի հայտարարության մեջ։

Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատել է ԳՀԽ մարտի 9-ի ընդլայնված նիստում հարցի վերաբերյալ որդեգրված դիրքորոշումը։

Արձանագրվել է, որ ծրագրի առնչությամբ Մայր Աթոռը քննարկումներ է ունեցել նախաձեռնության հեղինակ, հայտնի գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանի հետ՝ հայտնելով ՀԱԵ մոտեցումները:

Նշվում է, որ եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Քրիստոսի հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:

«Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգևոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը: Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։

Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ ՀԱԵ ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով», – ասվում է Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության մեջ։

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ազդարարել է բացառիկ ծրագրի մեկնարկի՝ Հիսուս Քրիստոսի արձան կանգնեցնելու նախաձեռնության մասին։ Միայն քանդակի բարձրությունը պետք է լինի խորհդրանշական 33 մ, իսկ պատվանդանի հետ միասին այն կարող է կրկնակի և նույնիսկ եռակի անգամ բարձր լինել։ Ծառուկյանը հայտնել է, որ ճարտարապետների և մասնագետների մեծ խումբ կաշխատի և նա մտադիր է հիմնարկեքն անել արդեն 2022-ին։ Մոտ 200 նախագծից առանձնացվել է մոտ 20-ը, որից էլ պետք է ընտրվի հաղթողը։

«Աշխարհում առաջին քրիստոնյա ազգը լինելով՝ պետք է Հայաստանում ունենանք Հիսուս Քրիստոսի արձանը՝ ամենաբարձունքում։ Իմ ընտանիքի անունից ուզում եմ այս նախագիծը կյանքի կոչել», – ասել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։