AM
26 Մարտ 2022 - 09:55 AMT

Աբրահամյան․ Անհասկանալի է ՀՀ իշխանության անփոփոխ կարգախոսը, թե մեկ է՝ խաղաղության օրակարգով ենք շարժվում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, նշել է, որ անհասկանալի է ՀՀ իշխանության անփոփոխ կարգախոսը, թե մեկ է՝ խաղաղության օրակարգով ենք շարժվում:

«Ադրբեջանի քայլերը կանխատեսելի են, որովհետև դրա մասին հրապարակային հնչեցնում են։ Հիմա էլ կարելի վերլուծել Ադրբեջանի պաշտոնական/ոչ պաշտոնական լրահոսը և հստակ հասկանալ, թե որն է նրանց հաջորդ քայլը։

Այստեղ միայն անհասկանալի է ՀՀ իշխանության անփոփոխ կարգախոսը, թե մեկ է՝ մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով։ Խաղաղ հանձնվելո՞ւ, հանձնելո՞ւ, փախչելո՞ւ, թե՞ խաղաղ կոտորվելու օրակարգով»,-ասվում է գրառման մեջ։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։