AM
26 Մարտ 2022 - 12:20 AMT

Աղաջանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին․ Ադրբեջանը հոգեբանական, հումանիտար և ռազմական տեռորի է ենթարկում ԼՂ ժողովրդին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտին և ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Քարի Հենրիկսենին՝ ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Նամակում նկարագրել եմ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած սողացող պատերազմի վերջին օրերի գործողությունները և գազի մատակարարման խափանման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը։

Միջազգային խորհրդարանական գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ մինչդեռ միջազգային հարթակներում Ադրբեջանը հանդես է գալիս Հարավային Կովկասում իբրև թե խաղաղության հաստատման դիրքերից, գործողությունների մակարդակում Ադրբեջանը շարունակում է հոգեբանական, հումանիտար և ռազմական տեռորի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ որպես նպատակ ունենալով ամբողջությամբ հայաթափել Արցախը։

Ընդգծել եմ միջազգային հանրության կողմից ստեղծված իրավիճակին արագ արձագանքի և Ադրբեջանին անհապաղ զսպելու կարևորությունը և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցված և վերջնական կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո», – գրել է Աղաջանյանը։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։

Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների: