ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, գրել է, որ եթե Ադրբեջանը սա մարսեց և նրա զորքերը ելման կետեր չվերադարձան, ապա Արցախի՝ այս պահին մեր վերահակողության տակ գտնվող հատվածի «ողնաշարը կոտրելու աննախադեպ իրավիճակ է ստեղծվելու»։
Նա հավելել է, որ շատերը լավ չեն պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում Փառուխ գյուղը, Քարագլխի լեռնաշղթան տարածքային և ռազմավարական առումով։
«Ադրբեջանն այս վերջին առաջխաղացման ժամանակ, անգամներով ավելի մեծ տարածք է զավթել Քարագլխի հատվածում, քան Փառուխ գյուղն է իր վարչական տարածքով։
Սա գրում եմ, որովհետև չիմացության պայմաններում կամ դիտմամբ, որոշները քննարկման առարկա են դարձնում կամ սկզբունքային կետ միայն Փառուխ գյուղը, բայց ռազմավարական առումով Քարագլխի լեռնաշղթայի տարբեր հատվածներ անգամներով ավելի մեծ սպառնալիք են ստեղծում, քան բուն Փառուխը։
Ադրբեջանցիները Փառուխն օգտագործել են որպես անցման գոտի, իսկ ներխուժումից անմիջապես հետո շրջանցիկ ճանապարհներ են կառուցել, որի նպատակը Քարագլխի տարբեր հատվածներ հասնելն է, դիրքավորվելը, ամրանալը, անխափան մատակարարումներ ապահովելն ու դրանից հետո Արցախի կենսունակության համար նոր խնդիրներ ստեղծելը»,-գրել է նա։
Աբրահամյանը հավելել է, որ առանց այդ էլ Արցախն այս կարգավիճակով և դիրքով լրջագույն խնդիրներ ուներ, Ադրբեջանն իր նոր օպերացիայի միջոցով «նոր՝ շատ ավելի ծանր վիճակ է ստեղծել»։
Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:
Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:
Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը ԼՂ Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։






