AM
30 Մարտ 2022 - 13:52 AMT

Բադալյան եղբայրները 60 մլն դրամ են տրամադրել «Զինվորի տուն» կենտրոնին

Վահե և Վիգեն Բադալյան եղբայրները, հավատարիմ մնալով որդեգրած ռազմավարությանը, շարունակում են բարեգործական գործունեությունն՝ այս անգամ աջակցություն է տրամադրվել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին: Ուշադրության առանցքում կրկին վիրավոր զինվորներն ու զինվորական հաշմանդամներն են:

Բադալյանների ընտանիքը տրամադրել է մոտ 60 մլն դրամ վերականգնողական կենտրոնին: Նվիրատվության շրջանակում իրականացվելու է «Զինվորի տան» թողունակության մեծացման ծրագիր:

Կենտրոնը գործում է բարեգործական հիմունքներով՝ բացարձակ անվճար վիրավոր զինվորների, զինհաշմանդամների և զինծառայության հետևանքով առողջական խնդիրներ ձեռք բերած ՀՀ քաղաքացիների համար և մինչ օրս բուժում է ստացել մոտ 6000 հաշմանդամ:

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը ոչ միայն աջակցում է կարգավորելու առողջական խնդիրներները, այլ մի շարք Կրթական, սոցիալական և գյուղատնտեսական ծրագրերի շրջանակում օգնում է զինհաշմանդամներին ստանալ ժամանակակից մասնագիտություն իրենց հարմար պայմաններում՝ լինելով մրցունակ աշխատաշուկայում:

Բադալյան եղբայրները և ընտանիքին պատկանող ընկերությունների խումբը միշտ հանդես է եկել տարբեր սոցիալական ծրագրերով ի աջակցություն զինծառայողների:

Այս պահին մոտ 100 զինծառայող մասնագիտական ուսուցում է ստանում և հետագայում աշխատանքով կապահովվի SoftConstruct ընկերությունում: