ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:
Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, նենգաբար հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա։
4 օր շարունակ ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակման փորձեր ձեռնարկեց՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ։ Սակայն, կրելով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ և չհասնելով առաջադրված նպատակներին, ադրբեջանական կողմը, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, ստիպված եղավ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այնուամենայնիվ, Արցախի սահմանամերձ բնակավայրերի թիրախավորումը շարունակվեց մինչև ապրիլի վերջ։






