Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի հարցին, հայտարարել է, որ Զինված ուժերում բարեփոխումները սկսված են։
«Եթե որոշ քաղաքական ուժերի համար դրանք տեսանելի չեն, դա արդեն քաղաքական գնահատականի հարց է։ Բարեփոխումներն ընթացքի մեջ են», – ասել է նա։
Պատասխանելով ԳՇ պետ նշանակելու մասին հարցին, որի պաշտոնը տևական ժամանակ է թափուր է՝ փոխնախարարն ասել է, որ այդ հարցի հասցեատերն ինքը չէ։
Ավելի վաղ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ կարևորել էր բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետ ընթացքը։ Փետրվարի 9-ին Պապիկյանը հայտարարել էր, որ հայեցակարգի բովանդակությունն այդքան էլ իր համար ընդունելի չի եղել և այն ուղարկել է վերախմբագրման:






