Ապրիլի 4-ին «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները ՌԴ դեսպանատանը հանդիպել են ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Զրուցակիցները կարևորել են երկու երկրի դաշնակցային հարաբերությունները, մտքեր փոխանակել ԼՂ-ում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների և, այդ համատեքստում, ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների վերաբերյալ։
Անդրադարձ է արվել Ադրբեջանի կողմից վերջերս հրապարակված և հայկական կողմին փոխանցված հայտնի 5 կետերին։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտնել են գործընթացի վերաբերյալ իրենց մտահոգությունը։
Հանդիպմանը մասնակցել են «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Վահե Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը և Ագնեսա Խամոյանը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները և քննարկումները։
Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:
Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ուղղությամբ, Bayraktar TB-2 կիրառել: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների` փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:
Մարտի 26-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի հատվածներում ամրացված դիրքերում, Փառուխն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։






