ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է ընդդիմության հանրահավաքին: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
«ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօրվա հանրահավաքին՝ ո՛չ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի ղեկավար, ո՛չ միայն որպես Արցախի և Հայաստանի ազատության և անվտանգության համար հսկայական ամագ ունեցող մարդ, այլ մասնակցելու է որպես ՀՀ մտահոգ քաղաքացի, որը տանը նստել չի կարող, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում մեր հայկական երկու պետությունների շուրջ:
Պատկերացրեք՝ ինչ օրհասական է վիճակը, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն կազմակերպում է պայքար այս գործող իշխանությունների դեմ, այլ նաև անձամբ մասնակցելու է, վերջին անգամ նման օրհասական վիճակ եղել է, երբ հանդիպել են ՀՀ նախկին երեք նախագահները»,-ասել է Աշոտյանը:
Ընդդիմության հանրահավաքը կայանալու է ապրիլի 5-ին, 18։30-ին Ազատության հրապարակում։






