Իսլամական կոնֆերանսի կազմակերպության կողմից oրերս ընդունված բանաձեւը, որտեղ ասվում է «հայերի կողմից գրաված տարածքներում» ադրբեջանական պատմական հուշարձանների ավերածությունների մասին, հանդիսանում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պատմական հուշարձանների պահպանման վարչության պետի տեղակալ Կորյուն Գաֆադարյանը: Նա հիշեցրել է, որ նման հարցով Ադրբեջանը արդեն դիմել էր ՅՈՒՆԵՍԿՈ, սակայն հայկական կողմի փաստացի հերքումներից հետո հարցը համարվել է սպառված: Գաֆադարյանի խոսքերով, Ադրբեջանի նման հայտարարությունները թելադրված են նրանով, որ ժամանակին Սթրասբուրգում տեղի էր ունեցել կոնֆերանս, որը բարձրացրել է Հայաստանի հետ սահմանակից պետությունների տարածքներում հայկական պատմական հուշարձանների ավերման հարցը: Այժմ Թբիլիսիյում ընթանում է պատմական հուշարձանների պահպանմանը նվիրված հերթական կոնֆերանսը Հայաստանի մասնակցությամբ, որտեղ քննարկվում է միայն նրանց սեյսմիկ պաշտպանության հարցը, հաղորդել է Գաֆադարյանը: