ՀՀ վարչապետը, ՀՀ և ԱՀ նախագահները, շնորհավորել են կանանց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, որը նշվում է ապրիլի 7-ին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաղթել է, որ Մայրության և գեղեցկության այս օրը լավատեսության ու գարնան մի նոր էջ բացի մեր երկրի համար։
«Հայաստանը, թերևս, բացառիկ երկիր է կանանց մեկամսյակի գոյության իմաստով: Այսպես ստացվել է հանգամանքների բերումով, բայց սրա մեջ արդիական մեծ օրակարգ կա, որովհետև մեր երկրի բնակչության մեծամասնությունը կանայք են:
Այո, այս մեկամսյակին մենք ընդգծում ենք գեղեցկությունը, ընդգծում ենք սերը, ընդգծում ենք հարգանքը: Բայց հատկապես այս տարի ուզում եմ ընդգծել ուժը, ուզում եմ ընդգծել պոտենցիալը, ուզում եմ ընդգծել վճռական դերը, ուզում եմ ընդգծել որ մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է կանանց լիարժեք ներգրավվածություն հանրային կյանքի բոլոր բնագավառներում՝ տնտեսությունից սկսած, շարունակած հանրային կառավարման, իրավապահ, անվտանգային ոլորտներով, որովհետև եթե այս ոլորտներում կանանց պոտենցիալը չներգրավենք, նշանակում է երկրի զարգացման առանց այն էլ սահմանափակ հնարավորությունները կիսատ ենք օգտագործում:
Ու եթե սրան գումարենք նաև ժողովրդագրական խնդիրների լուծման առումով կանանց բացառիկ դերակատարումը, առավել պարզ կդառնա թե ինչու եմ ասում, որ մեր իրավիճակի հաղթահարման գործում կանանց դերը վճռական է: Այդ վճռական դերը կյանքի կոչելու հնարավորություն տալն է մեր կառավարության քաղաքականությունը և հույս ունենք ստանալ ձեր գործնական աջակցությունը»,-ասվում է վարչապետի ուղերձում:
Նա նաև խոնարհումի ամենաջերմ խոսքերն է հղել հանուն Հայրենիքի պաշտպանության նահատակված մեր եղբայրների մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին՝ ընդգծելով, որ մեր նահատակների անկատար նպատակների իրագործումը պետք է ապրելու, արարելու խթան լինի նաև նրանց և մեր բոլորի համար:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է․ «Թանկագին մայրեր, տիկնայք, դուստրեր ու քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա առիթով։ Այս օրը ևս մեկ առիթ է նորովի արտահայտելու մեր անսահման սերը, հիացմունքն ու ակնածանքը ձեր նկատմամբ։
Անուրանալի է կնոջ դերը ընտանիքում, երեխաներին դաստիարակելու ու կրթելու, սերունդների հանդեպ հարգանք և ուշադրություն ձևավորելու, հայրենիքի և ազգի հանդեպ սեր ու նվիրում արմատավորելու և ամրապնդելու գործում, մեր կյանքի բոլոր ոլորտներում, քաղաքական ու հասարակական ասպարեզում։ Հայ կինը մեր ժողովրդի դարավոր ավանդույթների կրողն ու փոխանցողն է, մեր արժեհամակարգի պահապանը, մեր ինքնության առանցքը»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձում ասվում է, որ հերոսներ ծնած ու դաստիարակած մայրերը, Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նվիրյալների կանայք, քույրերը, դուստրերը և սիրած աղջիկները, ռազմի դաշտում, թե խաղաղ կյանքում հայ տղամարդկանց թև ու թիկունք դարձած, հավատարիմ ընկեր ու հուսալի հենարան համարվող կանայք լավագույնին են արժանի։
«Թույլ տվեք գլուխ խոնարհել յուրաքանչյուրիդ առջև` որպես գնահատանք ձեր վեհանձնության, Հայրենիքին ու ընտանիքին անմնացորդ նվիրվածության։ Բարեմաղթանքս է, որ լինեք առողջ և շրջապատված սիրով ու ջերմությամբ` ձեր մեծ հոգու և վաստակի չափով: Թող խաղաղությունն ու երջանկությունը թագավորեն բոլորիդ օջախներում և մեր նվիրական Հայրենիքում»,-ասվում է ուղերձում։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ուղերձ է հղել Ավետման տոնի առթիվ։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով: Այսօր բարեբանում ենք Սուրբ Աստվածածնին, ով հավատավոր հոգով և խոնարհ սրտով ընդունեց հրեշտակաձայն ավետիսը Աստծո Որդու աշխարհգալստյան՝ մարդկության փրկության և հարուցյալ կյանքի համար։ Սուրբ Աստվածածինը մաքուր սրտից բխած հավատքի ու ներշնչման աղբյուր է բոլորի համար և օրինակ, որ հաստատուն մնանք առ Աստված սիրո, հույսի ու հավատարմության մեջ՝ նորոգվելու և վերափոխելու մեր կյանքը դժվարությունների ու մերօրյա տագնապների »,-ասվում է ուղերձում։






