ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեքենան ուղեկցելու համար նախատեսվում է 3 նոր ամենագնաց մեքենա գնել։ Հարցն ընդգրկված է ապրիլի 7-ի կառավարության նիստի օրակարգում որպես չզեկուցվող։ Այդ նպատակով կհատկացվի 54 մլն դրամ (մոտ $100,000):
Հիմնավորման մեջ նշվում է, որ նպատակահարմար է ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի ամենագնացներ, քանի որ «Տոյոտա Երևանը» նշված մոդելի համար նաև լրացուցիչ զեղչեր է սահմանել։
Նշվում է, որ այդպիսի անհրաժեշտություն է առաջացել, քանի որ առկա սպասարկվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը:
«ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող (TOYOTA LC PRADO 2.71 (2003թ. արտադրության, վազքը՝ 235 334 կմ), (TOYOTA LC PRADO 4.0GA (2007թ. արտադրության, վազքը՝ 252 884 կմ) և NISSAN X-TRAIL 2.01 (2008թ. արտադրության, վազքը՝ 271 613 կմ)) մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը: ՀՀ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ։
Ավելի վաղ կառավարության կողմից հատկացված 90 մլն դրամով (մոտ $190,000) ԱԺ նախագահի համար նոր BMW 750 xDrive LCi մակնիշի ավտոմեքենա է գնվել։






