AM
11 Ապրիլ 2022 - 12:11 AMT

Նախագիծ․ Բուքմեյքերական հաշիվները հնարավոր կլինի լիցքավորել միայն բանկային հաշիվներից

Խաղային բնագավառում առավելագույն թափանցիկություն ապահովելու նպատակով առաջարկվում է բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր դարձնել բացառապես բանկային հաշիվների միջոցով։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկվել է հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Գևորգ Պապոյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Այսօր քաղաքացիներն իրենց բուքմեյքերական հաշիվները կարող են լիցքավորել 3 եղանակով՝ կանխիկ, բանկային հաշիվներից և էլեկտրոնային դրամապանակներից: Նախագծով առաջարկվում է արգելել կանխիկով և էլեկտրոնային դրամապանակներից վճարումները։

Առաջարկվում է օրենքն ընդունելուց 10 օր անց հանել բուքմեյքերական հաշիվը կանխիկ ձևով լիցքավորելու տարբերակը, իսկ 6 ամիս անց՝ էլեկտրոնային դրամապանակներից լիցքավորումները։

Անկանխիկ մուտքագրում է համարվում այն դեպքը, երբ փողը մուտքագրվում է վիճակախաղի կամ շահումով խաղի կազմակերպչի բանկային հաշվին: Նշվել է նաև, որ շահումը պետք է փոխանցվի այն հաշվին, որից կատարվել է գումարի մուտքագրումը՝ խաղալու նպատակով:

Հիմնական զեկուցող Գևորգ Պապոյանը նշել է, որ հասարակության մի զգալի զանգված, հիմնականում սոցիալական խնդիրներ ունեցողները, սկսել է օգտվել համացանցի միջոցով իրականացվող շահումով խաղերից:

Օրենսդրական փոփոխությունների նպատակն է խաղային բնագավառում ապահովել առավելագույն թափանցիկություն, պաշտպանել սոցիալապես անապահով խավերի շահերը և խաղամոլությամբ տարված մարդկանց համար խաղադրույք կատարելու լրացուցիչ խոչընդոտներ սահմանելը:

Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2018թ. խաղացողների կողմից գնվել է 333 մլրդ դրամի միավոր խաղ, 2019թ. այդ գումարն ավելացել է ավելի քան 3.3 անգամ՝ հասնելով 1.115 մլրդ դրամի, իսկ 2020թ. միայն առաջին 10 ամիսներին աjս թիվը հասել է 1.548 մլրդ դրամի: Ըստ որոշ գնահատականների՝ 2021թ. այս թիվը գերազանցել է 2 տրիլիոն դրամը: 2018-2020թթ. ավելացել է նաև խաղացողների թիվը գրեթե 2.5 անգամ՝ 18093-ից հասնելով 44082-ի: Կազմակերպիչների կողմից գեներացված գումարներն առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32 տոկոսը: