ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է գերիների խնդրին։ Նա հայտնել է, որ այդ հարցը քննարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ բրյուսելյան եռակողմ հանդիպման ժամանակ։
«Կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի։ Մենք հիմա շարունակում ենք բանակցել», – ասել է Միրզոյանը։
Նա հավելել է, որ չի եղել որևէ լուրջ հանդիպում կամ քննարկում, որի ժամանակ չի բարձրացվել անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման հարցը։
«Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը, այն է՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց։ Գիտեք, որ տարբեր պատրվակներ է բերում Ադրբեջանը, խնդիրը կապում է ականապատ դաշտերի քարտեզների հետ, թեև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ որևէ այդպիսի կապ չկար»,-ասել է նա՝ հավելելով, որ հիմա էլ Բաքուն փորձում է խնդիրը կապել Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած անձանց որոնման հետ։
Նա նշել է, որ թեև այդ հարցերը որևէ կապ չունեն, այնուամենայնիվ, հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, արել և անում է մարդասիրական քայլեր։
«Ակնկալում ենք, որ նույնպիսին պետք է լինի Ադրբեջանի պահվածքը՝ և մարդասիրական նկատառումներից ելնելով, նաև, որ ուղղակի իրենց պարտավորությունն է գրված թղթի վրա», – ասել է Միրզոյանը։






