AM
14 Ապրիլ 2022 - 07:12 AMT

Ռուբինյանը մեկնաբանել է Սերժ Սարգսյանի անդրադարձը Փաշինյանի ելույթին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանին՝ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի ելույթին, մասնավորապես՝ ԼՂ կարգավորման շուրջ բանակցային գործընթացին։

«Փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով»: ՍերԺ Սարգսյան, 13.04.22։

Փաստորեն, ըստ Սարգսյանի տրամաբանության, փաթեթային տարբերակը նույն փուլայինն է, որը պարզապես կոչվում է փաթեթային, որն իրականացվում է փուլային, բայց փուլային չէ, որովհետեւ փաթեթային է»,- ասվում է գրառման մեջ։

Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ ասվում է․ «Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ: Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մ մինչև հիմա չի հասկացել փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը, կա՛մ գործի է դրել իր հիմնական զենքը՝ մանիպուլյացիան:

Փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով»: