«5165» շարժումը, հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը և Ավետիք Չալաբյանն անժամկետ պայքար են սկսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով։ Այդ մասին ասվում է Արցախի փրկության պահանջով նախաձեռնության անդամների տեսաուղերձում և հայտարարության մեջ։
Նախաձեռնողները նշել են, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ Փաշինյանի և նրա թիմակիցների հայտարարությունները վկայում են Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության մասին, ինչն անթույլատրելի է, ինչը «հանդուրժելը հանցագործություն է»։
Նրանք հայտարարել են, որ ապրիլի 19-ից դրան միտված գործողություններ են սկսելու։ Այդ օրն Ազատության հրապարակում ժամը 12։00-ին կայանալիք մամուլի ասուլիսում մասնակիցները կներկայացնեն գործողությունների ծրագիր-ժամանակացույցը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով 2021թ․ կատարողականի հաշվետվությունը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ «Հակառակ դեպքում, նրանք խնդրում են իրենց վրա հույս չդնել՝ ոչ թե չեն ցանկանում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող»,-ասել է նա։ Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, որ սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։
Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել՝ պահանջելով ՀՀ իշխանությունից հրաժարվել իր որդեգրած ներկայիս աղետալի դիրքորոշումից։ Հայտարարությունն ընդունվել է միաձայն։