ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչու է ընդդիմությունը հապաղում, հայտարարել է, որ չեն հապաղում՝ պարզապես մեկ «կրակոցի» հնարավորություն ունեն։
«Մենք հնարավորություն չունենք չպատրաստված, մանրամասն չպլանավորված գործողություններ անելու։ Եվ դրա պատճառով մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ հստակ գործողությունները մշակելու և դրանք հանրությանը ներկայացնելու։ Դա շատ փոքր ժամանակամիջոցի հարց է», – ասել է նա, գրում է Panorama.am-ը։
Նա նաև անդրադարձել է այն հարցին, թե ինչի՞ հիման վրա է ընդդիմությունը վստահ հայտարարում, որ իշխանափոխության դեպքում Արցախի հիմնահարցում հնարավոր է հասնել արդյունքների։
«Շատ պարզ․ էմպիրիկ փորձով, որովհետև տասնամյակներ շարունակ հայկական դիվանագիտությանը հաջողվել է իրական միջազգային հանրության, մասնավորապես, համանախագահ երկրների և հայկական դիրքորոշումները նույն ծիրում, նույն էջում գտնվելն ապահովել։ Եթե դա մեզ հաջողվել է առաջ, կհաջողվի նաև ապագայում», – ասել է ընդդիմադիր պատգամավորը։
Մամիջանյանը նաև ասել է, որ մի խնդրանք, առաջարկ ունի՝ այս օրերի համար կա մեկ շատ պարզ գործողություն։
«Բոլոր այն մարդիկ, ովքեր գիտակցում են, թե ինչ է անում Փաշինյանն ու իր խունտան, ընտրեն հինգ հոգու, որոնք չեն գալիս հանրահավաքների, որոնց աչքերը դեռ չի բացվել, թմբիրի մեջ են, մինչև հայտարարենք հաջորդ գործողությունների վերաբերյալ, այդ մարդկանց կարողանան մասնակից դարձնել Արցախի փրկության գործողություններին»,- ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով 2021թ․ կատարողականի հաշվետվությունը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ «Հակառակ դեպքում, նրանք խնդրում են իրենց վրա հույս չդնել՝ ոչ թե չեն ցանկանում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող»,-ասել է նա։ Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, որ սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։
Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել՝ պահանջելով ՀՀ իշխանությունից հրաժարվել իր որդեգրած ներկայիս աղետալի դիրքորոշումից։ Հայտարարությունն ընդունվել է միաձայն։






