ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը, արձագանքելով ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի ելույթին, որով վերջինս անհամաձայնություն էր հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության նկատմամբ, ասել է, որ Խաչատրյանը «բարբաջանքներ է հնչեցրել», գրում է Ilur.am-ը։
Նա նշել է, որ անսկզբունքայնությունն էլ չափ ու սահման պետք է ունենա։
«Այդ առիթով ուզում ենք հիշեցնել հետևյալ փաստերը.
1. Ազգային Ժողովի 1995 թվականի ընտրություններում Ռամկավար-ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը՝ Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ, մաս է կազմել Լ. Տեր-Պետրոսյանին սատարող «Հանրապետություն» դաշինքին։ Ո՛չ այդ ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո նա որևէ առարկություն չի արտահայտել Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության նկատմամբ։
2. Ընտրություններից հետո «Հանրապետություն» խմբակցության առաջադրմամբ նա զբաղեցրել է, նախ՝ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի փոխնախագահի, ապա` նախագահի պաշտոնը, և այդ ընթացքում ևս չի փոխել իր վերաբերմունքը Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության առնչությամբ։
3. 1996 թվականի նախագահական ընտրություններում նրա ղեկավարած կուսակցության համագումարը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչը նշանակում է, որ այդ ժամանակ նույնպես անհամաձայնություն չի ունեցել վերջինիս ղարաբաղյան քաղաքականության հետ։
4. 1997 թվականին Վիգեն Խաչատրյանը բացարձակապես չի արձագանքել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» ծրագրային հոդվածին, ինչը ևս, համաձայնությունից բացի, այլ բան չի կարող նշանակել։
5. 1998 թ. փետրվարին` Առաջին նախագահի հրաժարականից հետո, ի նշան Տեր-Պետրոսյանի նկատմամբ համերաշխության` հրաժարվել է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Այս ամենը ցույց է տալիս, որ Վիգեն Խաչատրյանի այսօրվա հայտարարությունները ոչ մի կապ չունեն սկզբունքների ու անցյալի իր համոզումների հետ և բացատրվում են զուտ այս պահի կոնյունկտուրային նկատառումներով»,-ասվում է Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի հայտարարության մեջ։
Գրասենյակը նաև վերահրատարակել է Վիգեն Խաչատրյանի հոդվածը՝ Հայաստանի Ռամկավար-ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցության կողմից Լևոն Տեր-Պետրոսյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ։
Պատգամավոր Խաչատրյանն Ազգային ժողովում հայտարարել է, թե պետք է մարդկանց բացատրենք, որ իրենք «Ղարաբաղը չեն ուրանում, այլ ուզում են ապահովել Ղարաբաղի հայաթափման բացառումը»։ Նա հիշեցրել է, որ դեռևս 1996-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից «ասպարեզ նետվեց» մի գաղափար, որ մեզ համար անընդունելի է մի ժողովրդի բռնի տիրապետումը մյուսի նկատմամբ։
«Ըստ էության՝ առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի, տարիներ են անցել ու այսօր կարելի է ասել, որ դա ևս ճիշտ չի եղել։ Այն ժամանակ մենք գիտեինք, որ ԽՍՀՄ ժամանակ հարց բարձրացվեց փոխանցել Ղարաբաղը Հայաստանին, դա մի այլ խնդիր էր։ Մենք հետևություն չարեցինք Սումգայիթից, չխորացանք Բաքվի, Կիրովաբադի դեպքերի մեջ, հետո չվերլուծեցինք՝ ինչպես եղավ, որ 24 գյուղ հայաթափվեց», – հայտարարել է ՔՊ-ական պատգամավորը:






