AM
15 Ապրիլ 2022 - 15:16 AMT

ՔԿ․ Ինտերնետով ոչ միայն վաճառում են թմրամիջոց, այլև հումք պատվիրում, տեղում պատրաստում, ապա՝ Տելեգրամով կամ «Հիդրայով» իրացնում

Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման արդյունքում համացանցը սկսել է օգտագործվել որպես տարատեսակ հանցագործությունների կատարման վայր, այդ թվում՝ թմրամիջոցների հետ կապված։ Այդ մասին ասել է ՔԿ ՀԿԳ ՔԳՎ մարդկանց դեմ թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և ԹԱՇՀ վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Համբարյանը։

Նա հավելել է, որ այսօր համացանցով ոչ միայն վաճառում են թմրամիջոցները, այլև՝ պատվիրում դրանց հումքը, տեղում պատրաստում, ապա՝ Տելեգրամի կամ «Հիդրա» հավելվածի միջոցով վաճառում, գրում է «Փաստինֆոն»։

ՔԿ ներկայացուցիչը նշել է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և դրա արդյունքում ստեղծված ֆինանսական միջոցներն ու դրանց ազդեցությունը ստվերային տնտեսությունների վրա հանգեցրել են նրան, որ ծանր վիճակ է ստեղծվել բնագավառում և հիմնական պատճառը ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն է և այն, որ այսօր համացանցով հնարավոր է պատվիրել թմրամիջոց, ինչը բարդացնում է հանցագործի հետքերը հայտնաբերելը։

Համբարյանի փոխանցմամբ՝ կազմակերպված խմբերում ներգրավված անձինք հիմնականում չեն ճանաչում իրար, մասնավորապես, թմրամիջոցներ իրացնողն ու նրան այդ գործում օժանդակողները միմյանց հետ շփվում են համացանցում և իրար սկսում են ճանաչել ՔԿ-ում, երբ գործը բացահայտվում է։

Համբարյանը նաև տեղեկացրել է, որ սև շուկայում այժմ հայտնվում են այնպիսի թմրամիջոցներ, որոնք դեռևս երեկ գոյություն չեն ունեցել։ Ընդ որում, եթե նախկինում թմրամիջոցները ներկրվում էին սահմանահատումների միջոցով, ապա այժմ համացանցը միավորել է բոլորին։

«Հնարավոր է առաքանիների միջոցով ներկրել թմրամիջոցներ` քողարկված տարբեր առարկաների մեջ, ինչպես նաև դեպքեր են գրանցվել, երբ թմրանյութի հումքը ներկրվում է և տեղում պատրաստվում։ Թմրամիջոց ներկրող կամ պատրաստող անձն իր Telegram ալիքով սկսում է դրանք իրացնել, մասնավորապես դրանք թաքցնում է հանրապետության տարբեր վայրերում, իսկ գումարը ստանալուց հետո գնորդին ասում դրանց գտնվելու վայրը»,-հայտնել է Համբարյանը։