AM
21 Ապրիլ 2022 - 13:14 AMT

Վանեցյան․ Կոչումներին արժանացել եմ երկարատև ծառայությանս համար՝ կոչումներն իրենց հոր տնից չեն բերել

Ազատության հրապարակում անժամկետ բողոքի ակցիա իրականացնող ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, պատասխանելով իրեն կոչումներից զրկելու սոցցանցերում իշխանամերձ շրջանակների կողմից կոչերի մասին հարցին, ասել է, որ այդ «կոչումներն իրենց հոր տնից չեն բերել»։

«Գլուխները պատո՛վ կտան, ինձ կոչումներից կզրկեն, այդ կոչումներն իրենց հոր տնից չեն բերել: Այդ կոչումներին ես արժանացել եմ իմ երկարատև ծառայության համար»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

Վանեցյանը հավելել է, որ եթե իր նկատմամբ հնարավոր լիներ օրինական ճանապարհով որևէ քրեական գործ հարուցել, դատապարտել, կալանքի ենթարկել, վաղուց դա արված կլիներ:

«Իմ հրաժարականից հետո 5-ից ավելի գործերով մեղադրյալ եմ եղել, ամենածանր հոդվածներից սկսած, որը սահմանում էր՝ վարչապետի նկատմամբ մահափորձ, ինչ-որ բաներ, որոնք ամբողջությամբ հերքվեցին ու կարճվեցին: Այն տեղեկատվական տեռորը, որ սկսվել էր իմ նկատմամբ, անգամ Փաշինյանի խոսնակի մակարդակով տարածվող կեղծ տեղեկություններն, արդեն դատարանի կողմից պարտավորեցվել է հերքել դրանք: Այսինքն, ես չեմ արել որևէ բան, որն օրենքից դուրս է ու որի համար ինձ կարող են քրեական պատասխանատվության ենթարկել: Նրանց գործիքը դա է՝ կեղծ տեղեկություններ, վարկաբեկման փորձ ու կարճ ժամանակ հետո հանրությունն իմանում է՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ»,-ասել է նա:

Վանեցյանը նաև նշել է, որ Ազատության հրապարակ են գալիս մարդիկ, որոնք երբևէ որևէ միտինգի չեն գնացել ու իրենց բողոքի ձայնը չեն բարձրացրել, բայց հիմա գալիս են՝ պայքարելու հանուն Արցախի ու հայ ժողովրդի:

Ապրիլի 17-ի երեկոյան ընդդիմությունն անժամկետ բողոքի ակցիաներ է սկսել Ազատության հրապարակում։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ընդդիմությունից հասարակությունը միշտ գործողություններ է պահանջել և դրանք սկսված են։ Նա հավելել է, որ նստացույց է սկսում և տուն չի գնալու Ազատության հրապարակից։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ բոլոր իրական ընդդիմադիր ուժերը դուրս են գալու փողոց և պայքարը լինելու է ապակենտրոն ու ցանցային։ Ապրիլի 18-ի առավոտյան հրապարակում նստացույց անող Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի 2 մասնակից` Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը, որոնք հացադուլ են հայտարարել: