AM
21 Ապրիլ 2022 - 13:37 AMT

2020-2022թթ. բացահայտվել է հանցագործություններով պետությանը և համանքներին պատճառված 467 մլրդ դրամի վնաս

Գլխավոր դատախազությունում գլխավոր դատախազի հանձնարարությամբ ամփոփվել են ՀՀ նախաքննական մարմիններում քննվող կամ քննված քրեական գործերով պետությանը և համայնքին պատճառված, ինչպես նաև վերականգնված վնասի վերաբերյալ տվյալները 2022թ. մարտի 31-ի դրությամբ: Տվյալները ամփոփվել են աճողական կարգով։

Ըստ այդմ՝ 2020թ. հունվարի մեկից սկսած՝ 2022թ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ իրավասու մարմինների վարույթներում քննված կամ քննվող քրեական գործերով, որոնց մեծ մասն առնչվում են կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործություններին, հարուցման պահին արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 467,260,910,107 դրամի վնաս: Դրանից 455,070,473,327 դրամը հանդիսացել է պետությանը, իսկ 12,190,436,780 դրամը՝ համայնքներին պատճառված վնասը, հայտնում են Գլխավոր դատախազությունը։

Քրեական գործերի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների կամ այլ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում նշված ընդհանուր վնասից արդեն իսկ հաստատվել է 233,857,381,815 դրամը, որից 231,532,450,211 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 2,324,931,604 դրամը՝ համայնքներին։

Նույն ժամանակահատվածում արձանագրված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 51,006,354,399 դրամը, որից 48,790,341,623 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 2,216,012,776 դրամը՝ համայնքներին։ 2022 թվականի մարտ ամսին վերականգնվել է նաև պետությանը պատճառված վնասից 379,250 դոլար:

Հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում արգելանք է դրվել 84,644,700 դրամի, 5,838,598,990 դրամ հաշիվների, 119 անուն շարժական և 240 անշարժ գույքերի ու 45 հողատարածքների նկատմամբ: Դրանցից գնահատված է 26,404,774,927 դրամ արժողությամբ շարժական և անշարժ գույքը, իսկ մնացածի արժեքը դեռ որոշված չէ։ Արգելանք է դրվել նաև 2,078,144,529 դրամի գույքերի վրա:

Նշվում է, որ միայն 2022 թվականի 1-ին եռամսյակում վերականգնվել է պետությանը և համայնքներին պատճառված 2.5 անգամ ավել գումարի չափով վնաս, քան ամբողջ 2021թ. ընթացքում: Ընդ որում, միայն 3 ամսվա ընթացքում վերականգնված վնասն արդեն իսկ մոտենում է 2020 և 2021 թվականների ընթացքում վերականգնված վնասի չափի հանրագումարին: Եթե 2021թ. ընթացքում վերականգնվել է մոտ 7 մլրդ դրամի չափով վնաս, 2020թ. ընթացքում՝ մոտ 14.2 մլրդ դրամի չափով վնաս, ապա միայն 2022թ. 1-ին եռամսյակում արդեն իսկ վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ մոտ 19 մլրդ դրամի չափով վնաս։