AM
21 Ապրիլ 2022 - 14:52 AMT

44-օրյայում զոհվածների ծնողներն ու հարազատները երթի են դուրս գալու Ազնավուրի հրապարակից

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, հարազատները, ընկերներն ապրիլի 26-ին հավաքվելու են Շառլ Ազնավուրի հրապարակում, որտեղից երթով շարժվելու են դեպի կառավարություն և Գլխավոր դատախազություն։ Այդ մասին հրապարակումներ են արվում Facebook-ում։

Ակցիան կմեկնարկի ժամը 14։00-ին։

Պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի մայրը գրել է․ «Շատ եք հարցրել, թե ինչ կարող ենք անել ձեզ համար։ Հիմա ասում եմ՝ այդ օրը, այդ ժամին եղեք մեր կողքին…Մեզ հաճախ հարց էինք տալիս. ո՞ւմ մեղքով, ո՞ւմ քայլերի և գործողությունների հետևանքով մեր տուն պատերազմ մտավ… Լռել այլևս անհնար է, հատկապես հայտնի խոստովանությունից հետո՝ տարբերությունը միայն այն կլիներ, որ տղերքը ողջ կլինեին: Մեր տղերքի հոգիները խռովված են, նրանք մեզնից պահանջում են վրեժ և պատասխանատվություն: Նրանք մեզնից վճռականություն են պահանջում»։

Նմանատիպ գրառում է արել նաև 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։ «Ապրիլի 26-ին, ժամը 14.00 հավաքվում ենք Շառլ Ազնավուրի հրապարակում և միասին որոշենք մեր հետագա անելիքները: Խնդրում ենք ձեզ հետ վերցնել մեր հերոսների լուսանկարները կամ վերնաշապիկի վրա ունենալ նրանց պատկերները»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներից շատերը սոցցանցերում հրապարակել էին 44-օրյա պատերազմում զոհված իրենց հարազատների լուսանկարներն ու գրել. «Ես զոհվել եմ հանուն Արցախի»։