Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինծառայողների կողմից պատերազմական հանցագործությունների մասով այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դեմ 60 քրեական հետապնդում է հարուցված։ Այդ մասին ԱԺ-ում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Դատախազության 2021 թ. գործունեության մասին հաղորդումը:
Նրա խոսքով՝ հաստատված կոնկրետ դեպքերով կանխամտածված թիրախավորվել են հայկական բնակավայրերը, իրականացվել են քաղաքացիական անձանց սպանություն, պատերազմ վարելու կանոններ են խախտվել, արգելված զինատեսակներ են կիրառվել, թիրախավորվել, ոչնչացվել կամ վնասվել են հայկական պատմամշակութային արժեքները, տեղեկացնում է Panorama.am-ը:
Արթուր Դավթյանը հայտնել է, որ ազգային ատելության հողի վրա ադրբեջանցիների կողմից կատարվել են բռնություն գործադրելու, խոշտանգման, սպանության գործողություններ:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմում ահաբեկչական գործողություններին՝ գլխավոր դատախազն ասել է. «Քրեական գործերով ձեռք բերված ապացույցներն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ 2020-ի դեռևս հունիս-հուլիս ամիսներից սկսած Սիրիայի հյուսիսային հատվածներից հանրահայտ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվել են վարձկանների հավաքագրումներ, որոնք անարգել տեղափոխվել են Թուրքիա-Սիրիա պետական սահմանով՝ առանց վերահսկողության և ստուգման»:
Դատախազի խոսքով՝ Թուրքիայի տարածքից վարձկաններն ինքնաթիռով տեղափոխվել են Ադրբեջան, որտեղ իրականացվել է նրանց ռազմական պատրաստությունը:
«Մեր ձերբակալած սիրիացի երկու վարձկանների ցուցմունքներով՝ լեռնային հատվածներում մարտ վարելու համար են նրանք հատուկ պատրաստություն անցել, հրահանգավորում են ունեցել թիրախավորելու, սպանելու, խոշտանգելու բնակավայրերում գտնվող քաղաքացիական բնակչությանը»,-հայտնել է գլխավոր դատախազը:
Նա ասել է, որ Պաշտպանության բանակի կողմից պատերազմի ժամանակ հայտնաբերված և ձերբակալված երկու ահաբեկիչ վարձկանները շատ մանրամասնորեն ցուցմունք են տվել այդ մասին և նրանց ձերբակալման առաջին իսկ պահից դատախազությունը դիմել է միջազգային կառույցներին՝ թույլ տալով ցանկության դեպքում ահաբեկիչների հետ ունենալ առանձնազրույցներ, որպեսզի համոզվեն նրանց պատմածի ճշմարտացիության մեջ, ինչը և տեղի է ունեցել:






