«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ապրիլի 24-ին ՍիվիլՆեթի Ստեփանակերտի տաղավարում ասել է, որ Արցախն իր համար կարմիր գիծ է։
Հաղորդավարը, նշելով, որ Վարդանյանին քննադատել են՝ «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի թեզը շատ վտանգավոր է», ասել է ՔՊ-ից Վիգեն Խաչատրյանը, ինչը մեծ արձագանք է գտել, հարցրել է, թե երբ ասում է՝ «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի», դա ավելի շատ գաղափարակա՞ն թեզ է, թե իրոք այդպես է։
«Դա իմ կարծիքն է։ Ես դա ասել եմ բաց ու ասել եմ, որ նոյեմբերի 9-ից հետո ինձ համար փոխվել է իրավիճակը կտրուկ։ Ես կարող էի ինչ-որ բան քննադատել, ինչ-որ բան կարող էր ինձ դուր չգալ, բայց ինձ համար որպես հայի, որպես տղամարդու և մարդու, որն ինչ-որ գաղափարներ ունի, ինձ համար Արցախը կարմիր գիծ է։ Կարող է՝ այդ մարդու համար դա կարմիր գիծ չէ, դա իր թեզն է։ Եվ ինձ համար դա ոչ թե կենաց է, ոչ թե լոզունգ է, դա գաղափարական․․․ իմ ուժն է։ Ես ինձ զգալով որպես արցախցի՝ որպես մարդ, ոչ թե որ ծնվել է Արցախում, ոչ թե որպես Արցախում արմատներ ունեցող, բայց որպես մարդ, որը տեսնում է, թե ինչքան է Արցախը հայ աշխարհի համար կարևոր՝ արժեքների կողմից, կյանքի ձևի, մտածելակերպի․․․ ընդհանուր պատմության հետ կապված խորությունը, որ այստեղ հարյուրամյակներով, հազարամյակներով ապրել են հայերը, և այդ հայկական ոգին այստեղ պահպանվել է, շատ կարևոր է ինձ համար։ Որովհետև, եթե ես ուզում եմ հայ մնալ, և հայկական աշխարհը զարգանա, Արցախը կորցնելը ոչ թե հողակտոր կորցնել է, այլ կորցնելն է մեր արմատային արժեքները, արմատային մեր ուժը։ Ինձ համար այդպես է։ Ինձ համար դա կարմիր գիծ է, և դրանից հետո ես հայտարարեցի, որ ինձ համար քաղաքական-հասարակական աշխարհ մտնելու ավելի ակտիվ պատճառը դա է եղել, և դա չի փոխվելու։
Ես ասել եմ և ասելու եմ՝ չգիտեմ՝ ինչ է ստորագրելու Հայաստանի կառավարությունը, ինչ պայմանագիր է ստորագրելու, եթե դա վնասելու է Արցախին, եթե դա վնասելու է Արցախում ապրելու արցախցիների հնարավորությանը, ես դա չեմ ընդունելու։ Եվ ես հիմա եմ ուզում ասել՝ ես գալու եմ Արցախի ժողովրդի կողքը կանգնեմ և ասեմ՝ ես այստեղ ձեզ հետ միասին չեմ թողնելու, որ այդ բանը իրականացվի, ինչ-որ մեկը մեր անունից․․․ կարող է լեգիտիմ հնարավորություն ունենալով, բայց լեգիտիմը քիչ է։ Այդ որոշումները պետք է լինեն ազգային։ Եվ ես որպես հայ, որպես մարդ, որը որոշել է, որ դա իր համար կարևոր է․․․ դա ինձ համար շատ կարևոր հարցերից մեկն է և սկզբունքային է»,-ասել է Վարդանյանը։
Պատասխանելով Արցախի հարցում նշաձողն իջեցնելու պահանջների վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո Երևանում ծավալվող ցույցերի, այլ ակցիաների մասին հարցին՝ Վարդանյանը նշել է՝ «բոլորս պետք է ասենք՝ ես Արցախի հետ եմ, և Արցախի հետ եմ ոչ թե Մոսկվայում, Երևանում կամ Գլենդելում, այլ այստեղ՝ Արցախում»։
«Գիտեք՝ ես քաղաքական այդ ամբողջ պայքարը չեմ ուզում քննարկել, որովհետև չեմ հասկանում և չեմ ընդունում, որովհետև եթե մենք լրջորեն խոսում ենք Արցախի անվտանգության մասին, եթե մենք լրջորեն խոսում ենք Արցախի ապագայի մասին, մենք պետք է ամեն ինչն անենք, որ Արցախի անվտանգությունն ապահովենք և դա՝ հասկանալով իրականությունը։ Երկրորդ, մենք պետք է ամեն ինչ անենք, որ աշխարհը զգա իր պատասխանատվությունը, որ Արցախի հարցը չի լուծվելու այդպես հեշտ, ինչպես իրենց թվում է՝ մի հատ պայմանագրով։ Երրորդ, ապրիլի 24-ն է, այսօր խոսում ենք, տարբեր տեղերում ցույցեր անում, հավաքներ անում․․․ դա կարևոր է։ Բայց մենք պիտի պատրաստ լինենք գալ Արցախում արցախցիների կողքին կանգնել, ասել՝ մենք ձեզ հետ ենք։ Եվ դա Երևանում պետք չէ դրոշ․․․ պետք է այստեղ մարդիկ գան, ասեն՝ մենք այստեղ տներ ենք առնում, մենք այստեղ երեխեքին ենք տեղափոխում, մենք հավատում ենք, որ այստեղ ապագա կա, ու ոչ թե՝ «դուք այստեղ ապրեք, մենք էլ ձեզ կօգնենք»։ Սա ինձ թվում է՝ շատ կարևոր է։ Դրա համար սխալ մոտեցում է, որը երբեք չպետք է թույլ տանք։ Մենք բոլորս պետք է ասենք՝ ես Արցախի հետ եմ։ Եվ Արցախի հետ եմ ոչ թե Մոսկվայում, Երևանում կամ Գլենդելում, ես Արցախի հետ եմ այստեղ՝ Արցախում»,-ասել է Վարդանյանը։
Ռուբեն Վարդանյանը Արցախում մասնակցել է ջահերով երթին և ապրիլի 24-ի միջոցառումներին։






