AM
25 Ապրիլ 2022 - 09:41 AMT

Սպայի կողմից պետդավաճանության դեպք է բացահայտվել

ԱԱԾ-ն զինծառայող հանդիսացող ՀՀ քաղաքացու կողմից պետական դավաճանության դեպք է բացահայտել։

Ըստ Ծառայության՝ կոչումով սպան հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, տվել իր գրավոր համաձայնությունը և ծածկանուն ստացել՝ պարտավորվելով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։

Օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով, նա հավաքել ու ընդհանուր 1400 դոլար վարձատրության դիմաց վերջիններիս է հանձնել արտերկրում ռազմական ակադեմիան ավարտած համակուրսեցիների, ծառայության N զորամասի հրամանատարական կազմի, հրթիռահրետանային վարչության ղեկավար անձնակազմի, «էքսպո-ռազմական» ցուցահանդեսին մեկնած սպայական կազմի կենսորոշիչ տվյալները, բջջային հեռախոսահամարները՝ տրամադրելով նաև իր ծառայության N զորամասի N դիվիզիոնի զինծառայողների հաստիքացուցակը, ինչպես նաև նույն զորամասում առկա հրթիռային համակարգի թվաքանակի, 44-օրյա պատերազմի ընթացքում զինտեխնիկայի կորստի, հրթիռահրետանային համազարկերի գտնվելու վայրերի, զորավարժության վայրերի, կիրառված զինտեխնիկայի, զորավարժությանը մասնակից ղեկավար սպայական կազմի վերաբերյալ տվյալներ:

Բացի այդ, նույն զինծառայողը, 44-օրյա պատերազմի ժամանակ, զբաղեցնելով հրթիռային N համակարգի մարտկոցի հրամանատարի տեղակալի պաշտոնը, մարտական առաջադրանք կատարելիս արդյունավետ և նպատակային խոցումներ չի կատարել, տևական ժամանակ միջոցներ չի ձեռնարկել հրթիռ արձակող զինտեխնիկան քողարկելու ուղղությամբ, որի հետևանքով հակառակորդի կողմից թիրախավորվել և անօդաչու թռչող սարքի միջոցով խոցվել է այն՝ հանգեցնելով զինտեխնիկայի անվերադարձ կորստի:

Միաժամանակ պարզվել է, որ հիշյալ զինծառայողը պատերազմի ավարտից հետո շարունակել է համագործակցությունն օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ:

Պարզվել է նաև, որ նույն զինծառայողը, ունենալով գաղտնիության թույլտվության համապատասխան աստիճան, 8000 դոլար վարձատրության դիմաց փոխանցելու նպատակով հավաքել է N զորամասի գաղտնի դրոշմագրով մարտական քարտեզներ, սակայն բացահայտվել է ԱԱԾ-ի կողմից՝ չկարողանալով իր հանցավոր գործունեությունն ավարտին հասցնել:

2022-ի ապրիլի 20-ին հիշյալ զինծառայողը պետական դավաճանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է և տվել է խոստովանական ցուցմունքներ: