Երիտասարդները առավոտից իրազեկման ակցիաներ են իրականացնում Երևանի բուհերում։ Նրանք որոշել են իրենց երթն ամփոփել կառավարության շենքի դիմաց ու նվեր հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Մենք այսօր ամփոփում ենք մեր ակցիան ու եկել ենք այստեղ նվեր փոխանցելու իրեն վարչապետ անվանողին, ով ուրանում է մեր հազարավոր եղբայրների արյունը և ցանկանում է մեր տունը, հողը, հայրենիքը հանձնել Ադրբեջանին։ Ինքն այլ ելք չունի` դատվելու է, ու քանի որ շուտով դատվելու է, մենք որպես բարի կամքի դրսևորում նրա համար կառավարության դիմաց նվեր ենք ցանկանում փոխանցել` առաձին անհրաժեշտության պարագաներ` կալանավայրում օգտագործելու համար»,- ասել է «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբի ղեկավար Հովհաննես Հարությունյանը, գրում է Sputnik Արմենիան։
Մի քանի երիտասարդներ ցանկացել են մոտենալ շենքի աստիճաններին` փաթեթն այնտեղ դնելու համար, սակայն ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել նրանց, այդ թվում՝ Հարությունյանին։
Մյուս երիտասարդները սկսել են վանկարկել «Պայքար», «Ամո՛թ», «Դավաճան»։
«Մենք պայքարելու ենք ու չենք նահանջելու։ Մենք հիմա հեռանում ենք, բայց վաղը վերադառնալու ենք, իսկ դավաճանին դատ ու դատաստան է սպասվում»,- բղավեցին ակցիայի մասնակիցները և սկսեցին երգել «Զարթնի՛ր, լաո» երգը։
Հայաստանում մեկնարկել է ընդդիմության բողոքի հավաքների երկրորդ փուլը: Ապրիլի 25-ին «Դիմադրության շարժման» երթեր էին մեկնարկել նաև Իջևանից և Երևանի Կոմիտասի անվան պողոտայից։ Ապրիլի 26-ին մեկնարկել է «Դիմադրության շարժման» երթը Տիգրանաշենից






