ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչները՝ մի խումբ երիտասարդների հետ փակել են Կոմիտասի փողոցը՝ անհնազանդության ակցիաներ իրականացնելով՝ «Նիկոլ, հեռացիր», «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով։
Երիտասարդները կանգնեցրել են երթևեկությունը, սակայն ոստիկանների կողմից՝ փողոցը բացելու պահանջը ներկայացնելուց հետո, երիտասարդները բացել են այն, գրում է «Փաստինֆոն»։
Կոմիտասի փողոցը բացելուց հետո երիտասարդները փակել են Հաղթանակի կամուրջը՝ կանգնեցնելով երթևեկությունը։
«Հայրենիք» կուսակցության անդամները փակել են նաև Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկը։ Նրանք մոտոցիկլետներով իրազեկման ակցիա են իրականացնում։ Ակցիայի ընթացքում հնչում է «Զարթնիր, լաո» երգը, տեղեկացնում է Panorama.am-ը։
Ոստիկանության աշխատակիցները հորդորում են ակցիայի մասնակիցներին դուրս գալ փողոցի երթևեկելի հատվածից։ Ավելի ուշ կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, մոտոներով իրազեկման ակցիայի մասնակիցներից 3 մարդ բերման է ենթարկվել։
Երիտասարդները առավոտից իրազեկման ակցիաներ են իրականացնում Երևանի բուհերում։ Նրանք որոշել են իրենց երթն ամփոփել կառավարության շենքի դիմաց ու նվեր հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրանց թվից կան բերման ենթարկվածներ։
Հայաստանում մեկնարկել է ընդդիմության բողոքի հավաքների երկրորդ փուլը: Ապրիլի 25-ին «Դիմադրության շարժման» երթեր էին մեկնարկել նաև Իջևանից և Երևանի Կոմիտասի անվան պողոտայից։ Ապրիլի 26-ին մեկնարկել է «Դիմադրության շարժման» երթը Տիգրանաշենից։






