AM
27 Ապրիլ 2022 - 14:36 AMT

Դատախազի խորհրդականը՝ զոհվածների ծնողներին․ Անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար 5-օրյա ժամկետ է սահմանված

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները և հարազատները կրկին հավաքվել են գլխավոր դատախազության մոտ։ Նրանք պահանջում են անհապաղ քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ այն պետք է քննարկվի 5 օրյա ժամկետում, ինչը ծնողներին ավելի է նյարդայնացրել, գրում է «Փաստինֆոն»։

Պատերազմում եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, ում եղբայրը նաեւ առ այսօր համարվում է անհետ կորած, Աբրահամյանից պահանջել է երաշխիքներ տրամադրել, որ այդ հինգ օրվա ընթացքում Փաշինյանը չի լքելու երկիրը՝ այդկերպ խուսափելով պատասխանատվությունից։

«Դուք կարո՞ղ եք երաշխիքներ տալ, որ հինգ օր հետո Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում է լինելու։ Մենք, որ այս երկրին տվել ենք ամենաթանկը, ունենք իրավունք՝ դա պահանջելու»,-նշել է Ղուկասյանը։

Ծնողները հայտարարել են, որ հետևողական են լինելու այդ հարցում և չեն հեռանալու Դատախազության մոտից՝ մինչև Դատախազության պատասխանը գրավոր ձևով չստանան։

Դատախազ Արմեն Մուրադյանն էլ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք դատախազությունը կաշկանդված չէ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության կանչելու հարցում, նշեց, որ որևէ կաշկանդվածություն չունեն, գրում է Panorama.am-ը։

«Դատախազությունը որևէ կաշկանդվածություն չունի, քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կանոնակարգերով իրականացվում է նախաքաննություն։ Բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում համապատասխան քրեադատավարական որոշում կկայացվի»,- ասել է նա։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կանչվե՞լ է, հարցաքննության, դատախազը նշեց, որ նախաքննական գաղտնիությունից ելնելով՝ այդ հարցին չի կարող պատասխանել։

Անդրադառնալով այն հարցին, թե Հակակոռուպցիոն կոմիտեն արդյոք կկատարի ՀՀ Գլխավոր դատախազության ցուցումները` Արմեն Մուրադյանը պատասխանեl 1. «Ցուցումներ տալուց հետո քրեադատավարական օրենքով վարույթ իրականացնող քննիչը վերադաս դատախազին առարկություններ ներկայացնելու հնարավորություն ունի։ Ես չեմ կարող կանխատեսել՝ վերջինս իր այդ լիազորությունից օգտվելու է, թե ոչ»։

Ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է, հարազատները ճանաչվել են տուժողների իրավահաջորդ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ սահմանված կարգով քննարկելու նպատակով: