AM
28 April 2022 - 09:11 AMT

Ավանեսյան․ Աշխատավայրում ՊՇՌ թեստ կամ սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվում է

Աշխատավայրում 7 օրը մեկ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը չեղարկվում է։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Փոփոխություններ են կատարվել կարանտինի մասին որոշման մեջ։

Սահմանափակումների մեղմացումը կապված է վերջին 14-օրվա ցուցանիշների հետ, երբ կորոնավիրուսով վարակի դեպքերի կայուն նվազում է գրանցվել՝ 144 դեպք է եղել։ Մահվան դեպքերը ևս նվազել են։

Վերացվում է նաև դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1.5 մետր հեռավորություն պահպանելու պահանջը: ՔԿՀ-ներում և բանակում արձակուրդի և տեսակցությունների արգելքը ևս կհանվի։

Նախարարը տեղեկացրել է, որ մայիսի 1-ից ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշման թեստ և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չի լինի։

Նա նշել է, որ պատվաստումները կարևոր դեր են կատարել հիվանդացության նվազման գործում։