AM
3 Մայիս 2022 - 10:17 AMT

Քաղաքացիները փակել են Վանաձոր-Երևան ճանապարհը. Ակցիաները կդադարեն ժամը 16։00-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Վանաձոր-Երևան ճանապարհը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Նրանք վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան»։

Ակցիայի մասնակիցներից մեկի ձեռքին կա Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի լուսանկարը, որն ամիսներ շարունակ կալանքի տակ է։

«Մեր բողոքի ակցիան ուղղված է մեր փոքր հայրենիքը՝ Վանաձորը պահպանելուն, որտեղ կես տարուց ավելի հակասահմանադրական կարգեր են հաստատված։ Մեր ակցիայի նպատակն է պահպանել մեր հայրենիքը, Արցախը։ Վանաձոր, ոտքի»,-հայտարարել են նրանք, ապա պահանջել «Ազատություն Մամիկոն Ասլանյանին»։

Մասնակիցներից մեկը նշել է, որ իրենք կարող են ժամեր շարունակ ճանապարհը փակ պահել, քանի որ մարզի ոստիկաններին գործուղել են Երևան։

Փակ է նաև Երևան-Արտաշատ մայրուղին։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված ճանապարհի այդ հատվածում։ Քաղաքացիների հետ ճանապարհը փակել է նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվում Ալավերդի, Ապարան, Սպիտակ, Մասիս և Գյումրի քաղաքներում, Երևան-Սևան և Երևան-Արարատ մայրուղիները ևս փակ են։

Սաղաթելյանն ասել է, որ ակցիաները կդադարեցվեն 16։00-ին, իսկ 19։00-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հերթական հանրահավաքը։

Մայիսի 3-ի վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում վերսկսվել են անհնազանդության ակցիաները՝ անցկացվել են երթեր, փակվել են փողոցներ։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ երթևեկությունը վերակագնվել է։ 117 անձ է բերման ենթարկվել