Երևանի պետական համալսարանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պարզաբանելով, թե ինչու են ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ փակվել որոշ մասնաշենքերի դռները։
«Ժամը 11:00-ի սահմաններում, ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների առաջնորդությամբ ցուցարարները երթով մուտք են գործել ԵՊՀ տարածք՝ հանդես գալով իրենց ակցիաներին միանալու կոչերով։
Ընդդիմադիր քաղաքական ուժերի գործողությունների հետևանքով դասապրոցեսի խաթարումը կանխելու և ուսանողների՝ կրթություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով որոշում է կայացվել մինչև դասամիջոցի սկիզբը փակելու որոշ մասնաշենքերի դռներ, իսկ ցուցարարները հնարավորություն են ունեցել իրենց ակցիան անցկացնելու ԵՊՀ պուրակում։
Ակցիան ավարտելուց հետո ցուցարարները հեռացել են ԵՊՀ տարածքից։ Հայտնում ենք, որ այժմ ԵՊՀ-ում դասապրոցեսը շարունակում է ընթանալ բնականոն հունով»,-ասվում է հայտարարության մեջ։
Երևանում մայիսի 3-ի առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաների մասնակիցների մի խումբ մտել է ԵՊՀ մասնաշենքերից մեկը և հորդորել ուսանողներին միանալ շարժմանը։ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը մտել է լսարաններից մեկը և կոչ արել ուսանողներին միանալ իրենց։ Նա նշել է, որ կսպասի ուսանողներին Ֆրանսիայի հրապարակում։






