ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից ցուցարարին ոտքով հարվածելու տեսանյութն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Գլխավոր դատախազության հանրային կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանն ասել է, որ դատախազությունը, այն ուսումնասիրելուց հետո, ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն, տեղեկացնում է Panorama.am-ը։
Ավելի ուշ դատախազությունից հստակեցրել են՝ քանի որ Սարգիս Հովհաննիսյանն ԱԱԾ աշխատակից է, տեսանյութն ուղարկվել է Քննչական կոմիտե։
ԱԱԾ ՊՊԾ պետը մայիսի 2-ին անհնազանդության խաղաղ ակցիաների ժամանակ Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողի ու օպերատորի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի հանդեպ։
Լրագրողական կազմակերպությունները երեկ տարածած հայտարարությամբ պահանջել էին ծառայողական քննություն նախաձեռնել և պատասխանատվության ենթարկել ՊՊԾ պետին և իրենց լիազորությունները գերազանցած նրա ենթականերին։






