AM
3 Մայիս 2022 - 15:02 AMT

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար․ Շարունակելու ենք լինել ՀՀ ու Արցախի կողքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը բարձր է գնահատել նրանց ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում:

Դըվինազն ընդգծել է, որ հետագայում ևս ջանքերն ուղղելու են երկկողմ գործընկերության զարգացմանը:

«Մենք շարունակելու ենք լինել Հայաստանի ու Արցախի կողքին»,- ասել է բարեկամական խմբի ղեկավարը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչմանն ուղղված բանաձևը ստացել է լայն աջակցություն:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Սենատի բանաձևը հսկայական քաղաքական նշանակություն ունի, որը մեծ ուժ և վստահություն է հաղորդում արցախահայության իրավունքների միջազգային ճանաչման համատեքստում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել դեռևս Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղանձանց վերադարձի ապահովմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը վերաբերող հարցերի:

Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը Ֆրանսիայի Սենատն ընդունել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին։ Ի թիվս այլ կարևոր կետերի, ընդունված բանաձևով Սենատը դատապարտել է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ։