AM
4 Մայիս 2022 - 07:20 AMT

Անհնազանդության ակցիաներ` Երևանում․ Բեռնատարներով կամուրջներ են փակել

Մայիսի 4-ի վաղ առավոտից Երևանում կրկին մեկնարկել են անհնազանդության բողոքի ակցիաները։

Վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ բեռնատարներով և բետոնախառնիչ մեքենաներով փակել էին Կիևյան կամուրջը։ Այնտեղ ժամանած մեծ թվով ոստիկանները սկզբում փորձում էին գործի գցել մեքենաները, սակայն վարորդները բանալիները տարել էին, այնուհետև ծառայողները սկսեցին բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Քաղաքացիները փակել էին նաև Բաղրամյան պողոտան, սակայն, ոստիկաններին հաջողվել է ակցիայի մասնակիցներին մայթ տեղափոխել, գրում է Panorama.am-ը։

Բեռնատարներով փակվել էր Հաղթանակի կամուրջը, խցանված է նաև Դավիթաշենի կամուրջը, տեղեկացնում է «Առավոտը»։

Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիներն ինքնակազմակերպվել և մարդատար ու բեռնատար մեքենաներով փողոց են փակել։ Նրանք հայտարարել են, որ այդ քայլին գնացել են՝ գիտակցելով երկրում ստեղծված վիճակը և որևէ անձի կամ կուսակցության հրահանգ չեն կատարում, գրում է «Փաստինֆոն»։

Բերման է ենթարկվել 7 քաղաքացի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Նրանք ոստիկանությունում են «ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածով (182-րդ հոդված)։