Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, պարտավորեցրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լենա Նազարյանին ներողություն խնդրել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանից՝ «իդիոտկա» արտահայտության համար, տեղեկացնում է Factor.am-ը՝ «Դատալեքս»-ին հղումով։
2021-ի հուլիսի 3-ին Թովմասյանը խորհրդարանի ամբիոնից խոսել էր Աբովյանի դիահերձարանում գետնին նետված դիերի մասին՝ քննադատելով իշխանությանը, ինչին այդ ժամանակ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Նազարյանը կիսաձայն արձագանքել էր, ասելով ՝ «իդիոտկա»։ Այս խոսքերից հետո ինչպես Թովմասյանը, այնպես էլ մի շարք պատգամավորներ Աժ ամբիոնից պահանջել էին Նազարյանից ներողություն խնդրել, սակայն նա հրաժարվել էր, ապա Թովմասյանը դիմել էր դատարան։
Դատարանը բավարարել էր հայցն ընդդեմ Նազարյանի` վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին:
Դատավորը պարտավորեցնել է Նազարյանին հրապարակային ներողություն խնդրել Թովմասյանից՝ ՀՀ գործող առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում հետևյալ բովանդակությամբ տեքստի հրապարակմամբ. «Ես՝ Լենա Ռաֆայելի Նազարյանս, 03․06․2021թ․ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում իմ կողմից Թագուհի Մանվելի Թովմասյանի հասցեին հնչեցված «իդիոտկա» վիրավորական արտահայտության համար ներողություն եմ խնդրում Թագուհի Մանվելի Թովմասյանից»։
Փոխհատուցում ստանալու մասով հայցը մերժվել է։ Նազարյանը մեկ ամիս ժամանակ ունի վճիռը վերաքննիչ ատյան բողոքարկելու համար, հակառակ դեպքում պետք է կատարի դատարանի որոշումը։






